Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ալժիրցիներն ուժեղ էին

Ալժիրցիներն ուժեղ էին
03.06.2014 | 12:40

Մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ընտրանին: Այս անգամ մրցակիցն անհամեմատ ուժեղ Ալժիրի հավաքականն էր, որը, ինչպես հայտնի է, նվաճել է օրեր անց Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցության ուղեգիր: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: Մերոնք գոլը խփել են (Արթուր Սարկիսով) այն բանից հետո, երբ լուսատախտակին արդեն իսկ 3:0 հաշիվն էր, ու ալժիրցիները սկզբունքորեն լուծել էին իրենց խնդիրը, եթե, իհարկե, այդ խաղում հաշիվը նրանց համար քիչ թե շատ կարևորություն ուներ:
Ինչպես և նախորդ ընկերականում, այս անգամ էլ անհամորեն թույլ էր մեր ընտրանու պաշտպանության կենտրոնը: Մեր տղաների երրորդ հանդիպումը հունիսի վեցին է, Գերմանիայում, այդ երկրի ընտրանու հետ: Ամենայն հավանականությամբ անհեթեթություն կլինի դրական ելք ակնկալելը, որքան էլ այն հարցի ցանկալի կողմն է: Շատ ավելի կարևորը մեր ընտրանու խոցելի տեղերի բացահայտումն է, դրանց բացառման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելը:
Ցավոք, հանդիպմանը վնասվածք է ստացել ու խաղադաշտը հարկադրաբար լքել Արաս Օզբիլիսը: Մարզիկն արդեն իսկ մեկնել է Հոլանդիա՝ բուժզննման: Ըստ նախնական տվյալների, վնասվել են խաչաձև կապանները: Եթե դա այդպես է (հստակ ախտորոշումը պարզ կդառնա ավելի ուշ), մարզիկը խաղադաշտ կվերադառնա կես տարուց ոչ շուտ, ինչը ծանր հարված կլինի մեր հավաքականի համար: Բոլոր դեպքերում մեր տղային մաղթենք առողջություն ու արագ վերադարձ մարտական շարք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ